17 նոյեմբերի 2021 - 15:31 AMT
Պեսկով․ Պուտինի, Ալիևի և Փաշինյանի շփման համար բոլորի համաձայնությունն է պետք

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եռակողմ շփման համար հարկավոր է բոլոր կողմերի համաձայնությունն ու պատրաստակամությունը։

«Անկասկած, ինչ-որ փուլում նման շփումներն անհրաժեշտ կլինեն, սակայն, որ դրանք հնարավոր լինեն, հարկավոր է երեք կողմի համաձայնությունն ու պատրաստակամությունը»,- ասել է խոսնակը, գրում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան զսպվածության կոչ է անում հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած բախման կողմերին և հանդես է գալիս եռակողմ պայմանավորվածությունների կատարման օգտին։

«Իրոք, մարտական գործողությունների վերսկսումը հայ-ադրբեջանական սահմանին լուրջ մտահոգության առիթ տվեց, սակայն ռուսական կողմի միջնորդական ջանքերի շնորհիվ հաջողվեց հակամարտ կողմերին զսպվածության կոչել»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Նա նշել է, որ ռուսական կողմն առաջիկայում ևս դա կանի։ «Մենք, այնուամենայնիվ, կարծում ենք, որ իրավիճակի կայունացման միակ ճանապարհը եռակողմ պայմանավորվածությունների կատարումն է»,-ասել է Պեսկովը։

Նա հիշեցրել է նաև, որ իրավիճակի կայունացման համար ակտիվ ջանքեր է գործադրել «առաջին հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել էին ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Նոյեմբերի 17-ի` ժամը 10։00-ի դրությամբ հարաբերական կայուն է, կրակի դադարեցման պայմանավորվածությունը հիմնականում պահպանվում է։ Հայկական կողմն ունի 1 զոհված և 13 գերեվարված զինծառայող։ Եվս 24 զինծառայողի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։ Զինծառայողների հայտնաբերման ուղղությամբ ընթանում են ինտենսիվ աշխատանքներ։ Հակառակորդի վերահսկողության տակ է անցել երկու մարտական հենակետ։