Ղրղզստանի նախարարների կաբինետի նախագահ (վարչապետ) Ակիլբեկ Ժապարովը, որը Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը նշել է, որ ապրանքաշրջանառության ընդհանուր ծավալը, այսպես ասած, չնչին է:
«Կցանկանայի Ձեզ հետ քննարկել առևտրատնտեսական համագործակցությանը և ընդհանուր կազմակերպություններում մեր փոխգործողությանը վերաբերող հարցեր՝ ինչպես տնտեսության մեջ, այնպես էլ ՀԱՊԿ-ում, որպեսզի կարողանանք միմյանց աջակցել թե՛ դժվարին, և թե՛ լավ ժամանակներում»,-ասել է նա։
Փաշինյանը նշել է, որ երկրները մասնակցում են ընդհանուր կազմակերպությունների աշխատանքներին. դա Եվրասիական տնտեսական միությունն է, Անկախ պետությունների համագործակցությունն է, Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամներ են:
«Եվ, անշուշտ, մեզ համար շատ կարևոր են, և մենք բարձր ենք գնահատում մեր երկկողմ հարաբերությունները: Հուսով եմ, որ մեզ կհաջողվի զարգացնել նաև այդ հարաբերությունները և հատկապես ակտիվացնել առևտրատնտեսական կապերը: Եվս մեկ անգամ շնորհավորում և ողջունում եմ Ձեզ»,-ասել է Փաշինյանը։
Զրուցակիցները քննարկել են հայ-ղրղզական հարաբերությունների օրակարգին և համագործակցության զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
Նոյեմբերի 18-19-ին Երևանում տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու են ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:
Նեղ, ապա ընդլայնված կազմերով նիստերում կքննարկվեն եվրասիական տարածքում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող մի շարք օրակարգային հարցեր: