18 նոյեմբերի 2021 - 19:01 AMT
Պուտին․ Աճում է ՌԴ դիվանագիտության դերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերը լուծելու ջանքերում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ վերջին փոխհրաձգությունները հայ-ադրբեջանական սահմանին վկայում են, որ իրավիճակն այդ տարածաշրջանում դեռ վերջնական չի հանդարտվել և այդ պայմաններում հետագա կարգավորման համար աճում է ռուսական դիվանագիտության դերը։

«Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճահարույց հարցերի լուծմանն ուղղված ջանքերում, անկասկած, աճում է ռուսական դիվանագիտության դերը»,-ասել է նա, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Նա հիշեցրել է, որ մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ դադարեցվեց հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում։

«Սակայն հայ-ադրբեջանական սահմանին վերջին կրակոցները ցույց տվեցին, որ իրավիճակը այս տարածաշրջանում դեռ վերջնական չի հանդարտվել։ Կայունության ապահովման համար չափազանց կարևոր են ռուսական խաղաղապահ զորակազմի ջանքերը՝ որպես հրադադարի և խաղաղ բնակիչների անվտանգության երաշխավորի», - ասել է նա ՌԴ ԱԳՆ կոլեգիայի նիստում։

Նոյեմբերի 16-ին ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակվել են ՀՀ արևելյան սահմանագոտում ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա և ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք։ Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։

Հայկական կողմն ունի զոհեր և 13 գերեվարված զինծառայող, ևս 24-ի հետ կապը կորել է մարտական գործողությունների ընթացքում և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։

Photo. Ria Novosti