26 նոյեմբերի 2021 - 18:32 AMT
Ադրբեջանական SOCAR-ը Գորիս-Կապան ճանապարհին բենզալցակայան է բացել

Ադրբեջանական SOCAR Petroleum ընկերությունը բենզալցակայան է բացել Գորիս-Կապան ճանապարհին: Այդ մասին հայտարարել է SOCAR-ի հասարակության հետ կապերի դեպարտամենտի պետ Իբրահիմ Ահմեդովը։

Այդ լցակայանն ինքնասպասարկման եղանակով է աշխատելու, տեղեկացնում է Trend-ը։

Նա հայտնել է նաև, որ Ադրբեջանը 3 այդպիսի բենզալցակայան է տեղադրել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։

2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ադրբեջանցիները կանգնեցնում են իրանական բեռնատարները և գումար գանձում։ Դա հաստատեց նաև պաշտոնական Բաքուն՝ հայտարարելով, որ «ճանապարհային հարկ է» գանձվում։