Հայաստանում մինչ օրս կորոնավիրուսով վարակված 23 քաղաքացի է մահացել, որոնք պատվաստված են եղել։ Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հավելելով, որ նրանց միջին տարիքը 75-ից բարձր է եղել, ունեցել են քրոնիկ հիվանդություններ։
Նա տեղեկացրել է նաև, որ կորոնավիրուսի հետևանքով հոսպիտալացված 2009 քաղաքացուց 102-ն են պատվաստված, այսինքն` 3.5 տոկոսը։ Իսկ առաջին դեղաչափով այս պահին պատվաստված է ՀՀ քաղաքացիների 39 տոկոսը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Այս պահին կորոնավիրուսի` 13,562 ակտիվ դեպքերի շրջանում ունենք 1092 պատվաստված քաղաքացի, այսինքն` 8.1 տոկոսն է պատվաստված։ Բացի այդ, ծանր վիճակում գտնվողներից 9-ն են ամբողջապես պատվաստվել»,- ասել է Ավանեսյանը։
Նախարարը հավելել է, որ 1,217,391 պատվաստվածից 79-ի մոտ առողջական որոշակի խնդիրներ են եղել` մեծամասնության դեպքում կորոնավիրուսով են վարակվել։ Մնացած փոքրաթիվ դեպքերում ալերգիկ ռեակցիաներ են ընթացել։
Նրա խոսքով` մտահոգությունները, թե նոր շտամներն ինչպես են ազդելու պատվաստումների արդյունավետության վրա, մնում են։
Նախարարը հայտարարել է նաև, որ հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի արդյունքով բացասական կամ պատվաստված լինելու հանգամանքը հավաստիացնելու դեպքում։