Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, անդրադառնալով տարածաշրջանային ձգձգվող հակամարտություններին, հայտարարել է, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կայուն կարգավորման։ Այդ մասին նա ասել է Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության համաժողովում իր ելույթում, տեղեկացնում է ԵԽ պաշտոնական կայքը։
Նա նշել է, որ տարածաշրջանում ձգձգվող հակամարտությունները պահանջում են միջազգային իրավունքի սկզբունքներին և նորմերին համապատասխան ջանքերի վերսկսում, և որ Եվրամիությունը պատրաստ է դերակատրություն ունենալ հակամարտությունների կանխարգելման և հանգուցալուծման գործում։
«Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները ցույց են տալիս իրավիճակի փխրունությունը։ Ես լիովին համոզված եմ, որ միայն քաղաքական երկխոսությունը կարող է հանգեցնել կայուն կարգավորման։ Դա նաև քաղաքացիական հասարակության համախմբում կպահանջի Հայաստանում և Ադրբեջանում՝ թույլ կտա կամուրջներ կապել և նպաստել հաշտեցման ջանքերին»,- ասել է նա։
Միշելը նշել է նաև, որ Արևելյան գործընկերությունը պետք է արձագանքի ժամանակի մարտահրավերներին և խնդիրները պետք է միասին լուծել։
Դեկտեմբերի 15-ին Բրյուսելում կայանալու է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը։