2 դեկտեմբերի 2021 - 17:07 AMT
Մեքենաներից կատալիզատորների ապամոնտաժումը կասեցնելու համար վերահսկողական մեխանիզմներ կսահմանվեն

Շրջակա միջավայրի նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է մշակել, որով նախատեսվում է ավտոմեքենաների չեզոքացման համակարգերի (կատալիզատոր) ապամոնտաժումը կանխելու համար խիստ վերահսկողական մեխանիզմներ սահմանել։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ նախագծի ընդունման արդյունքում կկատարելագործվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը:

Նշվում է նաև, որ առավելագույն չափով կնվազեն ավտոտրանսպորտային միջոցների՝ սարքին վիճակում գտնվող չեզոքացման համակարգի ապամոնտաժման, առանց չեզոքացման համակարգի և դրա անսարք վիճակում ավտոտրանսպորտային միջոցի շահագործման դեպքերը,։

Նախատեսվում է, որ էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաև դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության վրա։