Ազգային ժողովը դեկտեմբերի 9-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ըստ որի՝ չնույնականացված աղբյուրին հղում տալու, նրա տեղեկատվությունը տարածելու դեպքում լրատվամիջոցը չի ազատվի պատասխանատվությունից։
Նախագիծը ներկայացրել են իշխանական պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Վահագն Հովակիմյանը, Թագուհի Ղազարյանը և Սարգիս Խանդանյանը։
Թագուհի Ղազարյանը հիշեցրել է, որ կարգավորումները նախատեսում են պատասխանատվություն նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրներին հղում տալու և ապօրինի խոսք պարունակող տեղեկատվությունը փոխանցելու դեպքերում: Լրատվամիջոցն այդ պարագայում պատասխանատվություն է կրելու:
Պատգամավորի խոսքով՝ լրատվամիջոցները ելքային տվյալներ չունեցող աղբյուրներին հղում անելիս պետք է ռիսկերը նկատի ունենան, քանի որ իրենք են պատասխանատվություն կրելու ապօրինի խոսքի համար:
«Այս նախագիծը խոսքի ազատության սահմանափակման մասին չէ, ընդամենը նույնականացման տվյալներ չունեցող աղբյուրները հավասարեցվում են անանուն աղբյուրներին»,-պարզաբանել է Թագուհի Ղազարյանը:
Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ են ստացվել արդարադատության նախարարությունից: Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի առաջարկներն ընդունվել են, իսկ ԱԺ «Հայաստան» խմբակցության առաջարկները՝ ոչ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության տեսակետը ներկայացրել է Լիլիթ Գալստյանը: Պատգամավորի խոսքով՝ չնույնականացվող աղբյուրը նույնական է անանուն աղբյուրի հետ և լրատվամիջոցի գնահատման դաշտում է այս կամ այն լուրի առնչությամբ հղում անելը, իսկ աղբյուրի բացահայտումը լրագրողը կարող է և պարտավոր է անել սահմանված դեպքերում միայն դատարանի որոշմամբ: Նա ասել է, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու: