9 դեկտեմբերի 2021 - 19:23 AMT
Զախարովա․ ՌԴ-ն սահմանազատման հարցով հանձնաժողովի շուտափույթ ձևավորում է ակնկալում

Ռուսաստանը Բաքվից և Երևանից պատվիրակությունների շուտափույթ ձևավորում է ակնկալում՝ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ստեղծելու համար։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նոյեմբերի 26-ին Սոչիում պայմանավորվածությունների համաձայն, կարևոր է գործը տանել դեպի սահմանզատման երկկողմ հանձնաժողովի ստեղծում ՀՀ և Ադրբեջանի միջև․․Մենք նաև ակնկալում ենք երկու երկրների ազգային պատվիրակությունների շուտափուոյթ ձևավորում՝ հանձնաժողովի կազմում»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Զախարովան ասել է, որ շարունակվում է աշխատանքը նաև Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ։ Նա հայտնել է նաև, որ Սոչիի պայմանավորվածությունները հաստատել են, որ երկրները պատրաստ են շարժվել տարածաշրջանում իրավիճակի կարգավորման ուղղությամբ։

«Սոչիի բարձր մակարդակի պայմանավորվածությունները Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների` կարգավորման հետագա քայլերի պատրաստակամության հաստատումն են: Ինչպես Բաքվի, այնպես էլ Երևանի հետ շփումներում աշխատում ենք ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացման ուղղությամբ, այդ թվում նաև սահմանային վեճերի կարգավորման և Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ», - ասել է Զախարովան։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն մանրամասներ էր հայտնել դեկտեմբերի 8-ին տեղի ունեցած ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցից։ «Ռուսական կողմից շեշտադրել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման շուտափույթ գործարկման անհրաժեշտությունը` հետագա սահմանագծման համար, ինչպես նաև ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերի համանախագահությամբ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում պայմանավորվածությունները գործնական հարթություն տեղափոխելու անհրաժեշտությունը: