27 մարտի 2009 - 19:40 AMT
Հայաստանը ծրագրում է ընդլայնել իր երկաթգիծը
Հայաստանը ծրագրում է միաժամանակ երկու երկաթգծերի կառուցումը: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանի խոսքով, Կազվին-Ռեշտ Աստարա երկաթգիծը չի կարող խոչընդոտել Իրան-Հայաստան երկաթգծի նախագծի իրականացմանը: Կազվին-Ռեշտ Աստարա նախագծի իրականացումը, որը Ադրբեջանի տարածքով ռուսական երկաթգծային ցանցը կկապի իրանականի հետ, կարող է սկսվել արդեն 2009թ.: Նախագծի իրագործմանը մասնակցելու է նաեւ «Ռուսական երկաթգծեր» ԲԲԸ-ն:

Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման նախագիծը մտել է նախագծա-հաշվարկային փուլ: Ինչպես ավելի վաղ հաղորդում էր Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, առաջարկված 13 տարբգերակներից ընտրվեց մեկը, որը սկսվում է Մեղրիից եւ շարժվում Սեւանի ուղղությամբ:

Իրան-Հայաստան երկաթգիծը հայկական կողմին թույլ կտա օգտվել էներգակիրների եւ այլ ապրանքի տեղափոխման այլընտրանքային ճանապարհից` ելք ստանալով դեպի արտաքին աշխարհ:

Ներկայումս արտասահմանի հետ Հայաստանի երկաթգծային հաղորդակցություններն ապահովվում են միայն Վրաստանի տարածքով: