10 դեկտեմբերի 2021 - 16:36 AMT
Արմեն Չարչյանն ազատ է արձակվել

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն ազատ է արձակվել։

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, որոշել է «Հայաստան» դաշինքից պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը փոփոխել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել՝ ստորագրությունը՝ չհեռանալու մասին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

ՍԴ-ն ավելի վաղ բավարարել էր ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորների դիմումը՝ արձանագրելով, որ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, չի կարող պահվել անազատության մեջ։ ՍԴ որոշումից հետո Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հրատապ նիստ է հրավիրել՝ Արմեն Չարչյանի խափանման միջոցի հարցը քննության առարկա դարձնելու համար։

«Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մխիթար Զաքարյանը և Արթուր Սարգսյանը ևս դատարանի որոշմամբ ազատ են արձակվել, գրում է «Հայկական ժամանակը»:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է և գործն այժմ գտնվում է դատավոր Վահե Միսակյանի վարույթում, որը նրա նկատմամբ դատաքննության փուլում գրավ կիրառելու որոշում էր կայացրել՝ ազատելով կալանքից, սակայն դատախազությունը ներկայացրել էր վերաքննիչ բողոք ու վերաքննիչ դատարանը ԱԺ պատգամավոր Չարչյանին կրկին կալանավորելու որոշում կայացրեց՝ պատգամավորական անձեռնմխելիություն ունենալու պայմաններում։

Արմեն Չարյանը ձերբակալվել էր հունիսի 18-ին՝ համացանցում իր ու աշխատակիցների հանդիպման աուդիոձայնագրության հայտնվելուց հետո։ Ըստ քրեական գործի նյութերի, նա հարկադրում էր աշխատողներին պարտադիր կերպով մասնակցել ԱԺ ընտրություններին: Նա մեղադրանքը չի ընդունել, այն համարում է քաղաքական հետապնդում ու գտնում է, որ իր մասնակցությամբ հայտնի ձայնագրությունում ուղղորդման տարրեր չկան։