21 դեկտեմբերի 2021 - 16:53 AMT
Խաժակյան․ Չենք միանա Մարությանին անվստահություն հայտնելուն՝ հիմնավորումները ներկուսակցական են

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը «Ինչո՞ւ է պաշտոնանկ արվում Հայկ Մարությանը. ո՞ւմ շահից է դա բխում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է, որ խմբակցությունը չի միանա Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու նախագծին:

«Մարությանի կառավարումը ձախողված է»,-ասել է նա, տեղեկացնում է Factor.am-ը։

Նա հավելել է, որ այդ ձախողումն արձանագրվել է ոչ միայն քաղաքային տնտեսության, այլև քաղաքական փոխհարաբերությունների մեջ:

«Մենք չենք միանա Մարությանին անվստահություն հայտնելու նախագծին, որովհետև այն հիմնավորումները, որ ներկայացվեցին, ավելի շատ ներկուսակցական են, ներքաղաքական խնդիրներից են բխում»,- նշել է Խաժակյանը։

Դեկտեմբերի 22-ին կհրավիրվի Երևան քաղաքի ավագանու արտահերթ նիստ, որտեղ կքննարկվի «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:

Երևանի ավագանու մանդատը վայր դնելու մասին է հայտարարել նաև Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության որոշ անդամներ։