21 դեկտեմբերի 2021 - 19:01 AMT
Իրանի մեջլիսի պատվիրակությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել

Երևանում գտնվող Իրանի մեջլիսի ԻԻՀ-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները ՀՀ ԱԺ Հայաստան-Իրան բարեկամական խմբի ղեկավար Գևորգ Պապոյանի, խմբի անդամներ Նարեկ Բաբայանի և Շիրակ Թորոսյանի ուղեկցությամբ դեկտեմբերի 21-ին այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ և լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը:

ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը նշել է, որ առաջին անգամ է Հայաստանում:

«Նախորդ դարում կատարված ցեղասպանության մասին տեղեկություններ, իհարկե, ունեի, սակայն այս այցը պատճառ դարձավ, որ իմ տեղեկություններն ավելանան: Ինձ հատկապես տխրեցրեց այն, որ մարդկությունն այդքան տմարդի ու կենդանաբարո կարող է լինել, որ ոչ միայն նման վարվելակերպ ունենա, այլև ավելի վատ՝ իր արածը չընդունի»,- նշել է Մեջլիսի պատգամավորը:

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հյուրերը ծանոթացել են 20-րդ դարի առաջին արհավիրքը պատկերող վավերագրերին, դիտել ցուցանմուշները, գրառում կատարել «Պատվավոր հյուրերի» հուշամատյանում: