Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ավագնու արտահերթ նիստում, որտեղ քննարկվում է իրեն անվստահություն հայտնելու հարցը, իր ելույթում ասել է, որ իրեն մեղադրում են հեղափոխության արժեքներից շեղվելու մեջ, և հիշեցրել, որ 2018-ի ընտրություններից հետո սկսեցին աշխատել և հանկարծ մի օր իմացան, որ կառավարության հեղափոխական անդամները գաղտնի որոշմամբ կտրուկ բարձրաձրել են իրենց աշխատավարձերը։
«Նախարարները 1․5 միլիոն դրամ են ստանում։ Խոսքը մաքուր գումարի մասին է։ Փոխնախարարները 1 միլիոն դրամ են ստանում, և դա գաղտնի որոշմամբ»,- ասել է Մարությանը՝ շեշտելով, որ խոսքը տեխնոկրատ անդամների մասին չէ, այլ այն անձանց, որոնք գաղափարական հեղափոխականներ են, մասնակցել են հեղափոխությանը և դրա շնորհիվ են պաշտոն ստացել։
«Կարծում էի, թե հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավել ուրիշների կյանքը, բայց նրանք եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրենց կյանքը։ Եվ դա մի երկրում, որտեղ աղքատության ցուցանիշը 30%-ի սահմաններում է»,- ասել է Մարությանը։
Նա նշել է, որ երբեք պարգևավճար չի ստացել, ինքն է վարում իր մեքենան և երբեք թիկնապահներ չի ունեցել։
Նա նաև ասել է, որ պաշտոնավարման ընթացքում բազմաթիվ զանգեր է ստացել «ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից», որոնք ասում էին, որ պետք է քաղաքապետարանի այս կամ այն աշխատակցին ազատել աշխատանքից, քանի որ վերջինս «վատ քոմենթ է գրել կամ վատ ստատուսին լայք է դրել»։
«Ասում էի՝ հեղափոխությունը Ֆեյսբուքով չեն կառավարում, ամեն ինչ դրանով չի սկսվում ու չի վերջանում։ Ասում էի՝ ինձ հանգիստ թողեք, ես գործով եմ զբաղված»,- հավելել է Մարությանը։
Նա նաև ասել է, որ բազմաթիվ պաշտոնյաներ արտոնություններ են խնդրել իրենց մերձավորների համար։
«Էս ծաղկի բուդկեն էստեղ դնենք, շինթույլտվություն տանք, հողը ընդլայնենք և այլն։ Բոլոր դեպքերում պատասխանել եմ, որ քանի դեռ այդ պաշտոնում եմ, ամեն ինչ արվելու է օրենքի շրջանակում»,- նշել է քաղաքապետը։
Մարությանը հավելել է, որ նախկինում չի խոսել այս ամենի մասին՝ չցանկանալով ներքաղաքական լարվածություն առաջացնել, և բարձրաձայնել է այդ հարցերը ՔՊ ներսում, բայց ոչ մի արձագանք չի ստացել։
Երևանի ավագանու արտահերթում քննարկում են Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու հարցը: Օրակարգում «Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու մասին» որոշման նախագիծն է։