23 դեկտեմբերի 2021 - 12:23 AMT
Ընտանիքում նոր ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխան հունվարի 1-ից ամսական 50,000 դրամ կստանա

Ընտանիքում նոր ծնված 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար հունվարի 1-ից դրամական աջակցություն կհատկացվի՝ ամսական 50,000 դրամ մինչև երեխայի 6 տարեկան դառնալը։ Կառավարությունը հաստատել է դրամական աջակցություն նշանակելու ու վճարելու կարգը։

Ներկայացնելով նախագիծը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը նշել է, որ նպատակ է դրվել նպաստել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը։

Նա նշել է, որ որոշումը տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված երեխաների վրա։

Նախարարը նշել է նաև, որ երկվորյակ կամ ավելի թվով երեխաների ծնվելու դեպքում հաշվի է առնվելու բարձր կարգաթվով երեխայի ծննդյան փաստն ու կնշանակվի դրամական աջակցություն նոր ծնված բոլոր երեխաների համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն հավելել է, որ այս դրամական աջակցությունը չի անդրադառնալու երեխայի ծննդյան միանվագ վճարման, ինչպես նաև մինչև 2 տարեկան խնամքի նպաստի վրա, բայց կարղ է ազդել աղքատության նպաստի գնահատման ցուցանիշի վրա։

«Եթե ընտանիքն ընդգրկված է «Փարոս» համակարգում և այս վճարումների բերումով չափանիշներից դուրս է մնում, այդ դեպքում, ազդում է, այսինքն՝ մարդը «Փարոսից» զրկվում է», - ասել է նա: