27 դեկտեմբերի 2021 - 16:23 AMT
Քոչարյան․ Քի Վեսթի պայմանագրով Արցախը ՀՀ-ին էր միանալու ԱՀ-ին համարժեք կարգավիճակ ունեցող միջանցքով

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, տարեվերջյան ասուլիսում անդրադառնալով Սյունիքով առաջարկվող միջանցքի և նախկին նմանատիպ նախագծերի և դրանց տարբերության մասին հարցին, ասել է, որ Քի Վեսթի պայմանագրով նախատեսվում էր, որ Արցախը ՀՀ-ին էր միանալու ԱՀ-ին համարժեք կարգավիճակ ունեցող միջանցքով։

Նա նշել է, որ Քի Վեսթի փաստաթղթում միջանցքի լայնություն նշված չի եղել, սակայն ինքը, անվտանգության նկատառումներով, հետևյալ ձևակերպումն էր տվել՝ երկու կողմից 21-ական կմ, որը «Գրադի» հեռահարությունն է, այսինքն՝ 42 կմ։

«Հիմա համեմատեք այսօրվա վիճակի հետ` այսօրվա Ղարաբաղի կարգավիճակի ու անվտանգության անորոշության հետ։ Տարբերությունը դա էր»,– ասել է Քոչարյանը՝ հավելելով, որ երկաթուղային հաղորդակցության վերաբացման մասին Քի Վեսթում խոսքի չի եղել։

«Խոսք էր գնում ընդամենը ճանապարհի իրավունքի մասին, ավտոմոբիլային ճանապարհի մասին, իսկ երկաթուղների մասին խոսք չկար»,-ասել է Քոչարյանը:

Նա նշել է, որ ծրագիրը կյանքի չի կոչվել, քանի որ վերջին պահին Ադրբեջանի այն ժամանակվա նախագահ Հեյդար Ալիևը հրաժարավել է ստորագրել փաստաթուղթը։

«Նա ասաց, որ չի կարողացել համոզել նույնիսկ իր ընտանիքի անդամներին և որ գերագնահատել է հասարակական կարծիքի վրա ազդելու իր հնարավորությունը»,– ասել է Քոչարյանը։

2002թ. Քի Վեսթում Քոչարյան-Հեյդար Ալիև բանակցությունների ավարտին նախատեսված էր բանակցային փաստաթղթերի ստորագրում, որով Լեռնային Ղարաբաղը Լաչինի հետ միասին Հայաստանի ինքնիշխանությանը հանձնելու դիմաց Ադրբեջանին ՀՀ-ով դեպի Նախիջևան միջանցք էր տրամադրվելու։ Փաստաթուղթը ներառում էր անվտանգության երաշխիքներ, փախստականներին վերաբերող կարգավորումներ։