29 դեկտեմբերի 2021 - 16:53 AMT
ՌԴ ԱԳՆ․ ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովը շուտով կարող է ստեղծվել

Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հարցերի հանձնաժողովը շուտով կարող է ստեղծվել։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն։

Նա հիշեցրել է, որ նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել են Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման գծով երկկողմ հանձնաժողով ստեղծել՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Ելնում ենք նրանից, որ դա տեղի կունենա մոտ ապագայում։ Անհաղթահարելի խոչընդոտներ այդ պայմանավորվածության իրականացման ճանապարհին չկան»,- ասել է նա։

ՌԴ ԱԳ փոխնախարարը նշել է, որ Ռուսաստանն ընթացիկ տարվա մայիսին հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում իրավիճակի սրման հենց սկզբից հանդես է եկել որպես միջնորդ՝ առաջարկելով իր օգնությունը ՀՀ և Ադրբեջանի միջև համապատասխան բանակցային գործընթացի մեկնարկի հարցում։

«Նշեմ, որ միջադեպերն անմիջական կապ չունեն ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտու հետ։ Խնդիրը ժառանգություն է մնացել խորհրդային տարիներից և պայմանավորված է երկու երկրների միջև սահմանի ամբողջ երկայնքով պատշաճ միջազգային իրավական ձևակերպման բացակայությամբ»,- ասել է նա։

Նոյեմբերի 26-ին Սոչիում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների հանդիպումից հետո ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ մինչև տարեվերջ դեմարկացիայի և դելիմիտացիայի մեխանիզմներ կստեղծվեն։