30 դեկտեմբերի 2021 - 14:21 AMT
Փաշինյան․ Շատ լուրջ ջանքեր պահանջվեցին, որ իրավիճակը կարողանանք պահել կառավարելի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, ամփոփելով տարին, ասել է, որ պետական կառավարման համակարգից 2021 թ. շատ լուրջ ջանքեր են պահանջվել ՀՀ և նրա շուրջ իրավիճակը կառավարելի պահելու համար։

«Արտաքին միջավայրում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ: 2021 թվականի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատված ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրանից բխող հետևանքները, նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպը ընդգծում են անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները»,- ասել է նա:

Փաշինյանն ասել է նաև, որ Հայաստանին վերաբերող տարածաշրջանային որոշումների կայացումը հաճախ կամ գրեթե միշտ միայն մեզնից չէ կախված։

«Պիտի բոլոր ջանքերը ներդնենք, որպեսզի 2022 թվականը լինի վերելքի և վերածննդի տարի»,-հավելել է նա:

Փաշինյանն ասել է նաև, որ պատերազմի հետևանքները դեռ երկար են զգացնել տալու և պետք է քայլ առ քայլ հաղթահարել այդ վիճակը, փորձել լուծել բոլոր խնդիրները: