4 հունվարի 2022 - 14:56 AMT
Ֆրանսիայի հարավում կորոնավիրուսի նոր շտամ են գտել

Ֆրանսիայի հարավում գիտնականները կորոնավիրուսի նոր շտամ են հայտնաբերել, որի մասին տվյալները դեռևս այնքան էլ շատ չեն։

Նշվում է, որ նախկինում անհայտ կորոնավիրուսի այդ տարբերակը հայտնաբերվել է Կամերունից վերադարձած անձի մոտ։ Ենթադրվում է, որ նա առնվազն 12 մարդ է վարակել Ֆրանսիայի հարավում։ Թեստերը վարակվածների մոտ «մուտացիաների անսովոր կոմբինացիա են հայտնաբերել»։

Կորոնավիրուսի նոր տարբերակը B.1.640.2 ժամանակավոր նշագրումն է ստացել։ Այն հայտնաբերել են Մարսելում գտնվող Վարակիչ հիվանդությունների միջերկրածովյան ինստիտուտի գիտնականները։ Ըստ նախնական հետազոտությունների, նոր տարբերակում 46 մուտացիա կա, գրում է Deutsche Welle-ն։

Չի բացառվում, որ նոր շտամը կարող է նախորդներից վարակիչ լինել։ Այս պահի դրությամբ Ֆրանսիայի տարածքում այժմ գերիշխում է «օմիկրոն» տարբերակը, որին բաժին է ընկնում վարակների ավելի քան 60 տոկոսը։

Հունվարի 3-ից Ֆրանսիայում ուժի մեջ է մտել նոր կանոնը, որի համաձայն դիմակ պետք է կրեն նաև 6-ից բարձր տարիքի երեխաները։ Բացի այդ, մեծ քաղաքներում կրկին հարկ կլինի դիմակ կրել նաև փողոցում։