Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հունվարի 6-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում պայմանավորվել են առաջիկայում նախապատրաստել «3+3» ձևաչափով հաջորդ հանդիպումը նույն կազմով:
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը։
Լավրովն աջակցություն է հայտնել Թուրքիայի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին:
Նախարարները, անդրադառնալով տարածաշրջանային հարցերին, դրական գնահատական են տվել «3+3» ձևաչափով անցկացված առաջին նիստին, որը տեղի է ունեցել Մոսկվայում 2021թ․ դեկտեմբերի 10-ին:
«3+3» տարածաշրջանային ձևաչափը ենթադրում է Հարավային Կովկասի 3 երկրի և ՌԴ, Իրանի ու Թուրքիայի մասնակցությունը։ Այն առաջարկել են Թուրքիան և Ադրբեջանը։ ՌԴ-ն և Իրանը հավանություն են տվել։ Վրաստանը հայտարարել է, որ չի մասնակցի «3+3» տարածաշրջանային ձևաչափին և չի մասնակցել առաջին նիստին։