14 հունվարի 2022 - 10:32 AMT
Զախարովա․ ԼՂ-ում ռուս խաղաղապահների վրա ստվեր գցել չի հաջողվի

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ չի հաջողվի ստվեր գցել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների վրա։ Այդ մասին նա ասել է ճեպազրույցում՝ պատասխանելով լրագրողի այն դիտարկմանը, որ Ադրբեջանը սադրանքի է գնացել՝ կրակ բացելով Կարմիր Շուկա, Թաղավարդ և Նախիջևանիկ գյուղերի ուղղությամբ, դրանով կարծես փորձելով ստվեր նետել ռուսական խաղաղապահ առաքելության վրա։

«Եթե նույնիսկ ինչ-որ մեկը ցանկանում է ստվեր գցել մեր խաղաղապահների վրա, դա չի ստացվի՝ նրանց գործունեությունը հստակ է, լավ համակարգված և բխում է ճգնաժամի կարգավորման շահերից»,-ասել է Զախարովան՝ հավելելով, որ ճիշտ կլիներ այս հարցով դիմեին Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչներին:

Զախարովան նշել է նաև, որ խաղաղապահները մշտական կապի մեջ են երկու կողմի հետ և անհրաժեշտության դեպքում հետաքննում են միջադեպերը։

Հունվարի 10-ին Ադրբեջանի զինված ուժերը կրակ են բացել Արցախի Մարտունու շրջանի Կարմիր Շուկա և Թաղավարդ համայնքների, Ասկերանի շրջանի Նախիջևանիկ համայնքի ուղղությամբ։ Կրակոցները վնաս են հասցրել քաղաքացիական բնակիչներին, իսկ կրակոցներից մեկն էլ եղել է մանկապարտեզից 50 մետր հեռավորության վրա գտնվող տան ուղղությամբ:

Photo. TASS