17 հունվարի 2022 - 14:00 AMT
ԱԽ քարտուղար. Միջանցքի հարցը կարմիր գիծ է՝ բոլորն են տեղյակ

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Թամրազյանի հետ» հաղորդման շրջանակում ասել է, որ միջանցքի հարցը հայկական կողմի համար կարմիր գիծ է և դրա մասին տեղյակ են բոլորը:

Նա հավելել է՝ բոլորը հստակ գիտեն, որ միջանցքի հարցում որևէ քննարկում չի կարող լինել։

«Ընդհանրապես նախապայմանների տրամաբանության մեջ փորձել խոսել որևէ տեղ չտանող գործընթաց է», - նշել է ԱԽ քարտուղարը` անդրադառնալով հայ-թուրքական բանակցություններին, որի շրջանակում առաջին հանդիպումը կայացել է Մոսկվայում:

Հարցին, թե ինչու Հայաստանը հենց Մոսկվայից խնդրեց սկսել բանակցությունների մեկնարկը, և արդյոք բոլոր հանդիպումները Ռուսաստանում են լինելու՝ Գրիգորյանն ասել է, որ հարաբերությունների կարգավորման մեկնարկի հնարավոր տեղի ընտրության հարցում համաձայնությունը նաև Թուրքիայինն էր:

Նա նշել է, որ ընդհանուր առմամբ երեք կողմն էլ համաձայնություն է տվել, որ հանդիպումը տեղի ունենա Մոսկվայում:

«Մենք բաց ենք, որպեսզի գտնենք հնարավորություններ` քննարկելու նաև այլ տեղեր. հաջորդ հանդիպումները կարող են լինել և՛ Երևանում, և՛ Անկարայում, պետք է քննարկենք և հասկանանք: Եվ կարծում եմ, որ եթե երկկողմ հարաբերությունների կարգավորման դրական դինամիկա լինի, ապա շփումներն էլ ավելի կշատանան, և մենք կկարողանանք գտնել այն ճանապարհը և այն ձևը` հարաբերությունները կարգավորելու համար»,-ասել է նա։

Անդրադառնալով դիտարկմանը, թե երկու կողմից էլ հայտարարություններ են հնչել, որ բանակցություններում նախապայմաններ չեն լինի, թեև Թուրքիան, ասելով, թե նախապայման չի առաջադրելու, ավելացնում է, որ Հայաստանը պետք է լավ հարաբերություններ ունենա Ադրբեջանի հետ, բացի այդ խոսվում է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ Գրիգորյանը մեկ անգամ ևս ասել է, որ միջանցքային տրամաբանության մեջ Հայաստանը որևէ հարց չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու:

«Բազմիցս խոսել ենք, որ միջանցքի հարցը մեզ համար կարմիր գիծ է, և սրա մասին տեղյակ են բոլորը` տեղյակ է և՛ Ադրբեջանը, և՛ բոլոր այն երկրները, որոնք ինչ-որ ձևով առնչվում են Հայաստանի հետ: Մենք այս հարցը, կարելի է ասել, քննարկել ենք մեր բոլոր գործընկերների հետ, ներկայացրել ենք մեր դիրքորոշումը, և հստակ բոլորը գիտեն, որ միջանցքի հարցում որևէ քննարկում չի կարող լինել, և այստեղ նախապայմաններ, ընդհանրապես նախապայմանների տրամաբանության մեջ փորձել խոսել որևէ տեղ չտանող գործընթաց է»,-ասել է ԱԽ քարտուղարը։

Ըստ նրա, մոտեցումն այն է, որ պետք է հարաբերություններ սկսել, միմյանց մոտեցումները հասկանալ։

«Որովհետև տեսեք` շատ հաճախ են մեր ընդդիմադիրները կամ այլ քաղաքական գործիչներ հայտարարում, որ Թուրքիան ինչ-որ բան է հայտարարել: Որպեսզի այդ հայտարարությունների ավելի խորքային կոնտեքստը հասկանանք, մեր մոտեցումն այն է, որ մենք պետք է սեղանի շուրջ նստենք Թուրքիայի հետ և հասկանանք, թե նրանք ինչ մոտեցումներ ունեն, քննարկենք, նաև մեր մոտեցումները ներկայացնենք և փորձենք հարաբերությունները կարգավորել: Մենք կարծում ենք, որ հնարավոր է հարաբերությունները կարգավորել, և եթե մենք օգտագործենք ստեղծված այս պատուհանը, ապա երկարաժամկետ հնարավոր է կարգավորել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները»,-ասել է նա:

Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը՝ երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման նպատակով։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական են անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում է հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Ռուսաստանի ԱԳՆ-ն, անդրադառնալով հանդիպմանը, հայտարարել է, որ կողմերը պատրաստակամություն են հայտնել կառուցողական, ապաքաղաքական երկխոսություն վարել։