21 հունվարի 2022 - 18:29 AMT
Զաս. Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է սահմանազատման պրակտիկ աշխատանք

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՄԱԿ գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով օգնական Միրոսլավ Ենչայի հետ տեսակոնֆերանսի ժամանակ ասել է, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կարգավորման համար անհրաժեշտ է պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման գործնական աշխատանք։

ՀԱՊԿ կազմակերպության գլխավոր քարտուղարը ներկայացրել է անդամ երկրների սահմանների անվտանգության վերաբերյալ ընդհանուր տվյալները, տեղեկացնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

«ՀԱՊԿ-ի կովկասյան տարածաշրջանում իրադրությունը համեմատաբար կայուն է Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածութունների շնորհիվ։ Իրավիճակի հետագա կարգավորման համար անհրաժեշտ է պետական սահմանի սահմանազատման ու սահմանագծման պրակտիկ աշխատանք»,-ասել է նա։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ Հայաստանի՝ Ադրբեջանին ներկայացված առաջարկությունների փաթեթը Բաքվին ներկայացրել են գրավոր և այս պահին դեռևս արձագանք չեն ստացել։ Նա ասել է, որ փաթեթն ընդհանուր առմամբ վերաբերում է սահմանում բարենպաստ պայմանների ստեղծմանը, որպեսզի սկսենք սահմանագծման և սահմանազատման գործընթացներ։

«Դա վերաբերում է հայելային տարբերակով զորքերի հետքաշմանը, սահմապահ զորքերի տեղակայմանը սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով Խորհրդային Միության տարիներին գոյություն ունեցող քարտեզները», - մանրամասնել է Գրիգորյանը։