29 հունվարի 2022 - 14:48 AMT
Արցախի գիտկենտրոնում «Նարինե +» կաթնամթերքի արտադրամաս է բացվել

Արցախի գիտական կենտրոնում «Նարինե +» կաթնամթերքի արտադրամաս է բացվել: Արարողությանը ներկա են եղել Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը և ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանը։

Պետական նախարարը ծանոթացել է փոքրածավալ արտադրության կազմակերպմանը, որն իրականացվում է կենտրոնի հետազոտությունների արդյունքներով՝ ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի կողմից տրամադրվող տեխնոլոգիական սարքավորումների կիրառմամբ:

Կենտրոնի առաջին արտադրանքը՝ «Նարինե +» կաթնաթթվային մթերքը արտադրվում է Արցախի էնդեմիկ կաթնաթթվային մանրէի հիման վրա:

Արտակ Բեգլարյանը կարևորել է Արցախի գիտական կենտրոնում իրականացվող հետազոտական աշխատանքների արդյունքների ապրանքայնացման և հանրային առողջության պահպանման խթանմանն ուղղված քաղաքականությունը՝ ընդգծելով նոր տեխնոլոգիաների ներդրմամբ Արցախի տնտեսության զարգացման հրամայականը: