1 փետրվարի 2022 - 11:20 AMT
Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։

Սիմոնյանը ստորագրել է Արմեն Սարգսյանի՝ ՀՀ նախագահի լիազորությունները դադարած համարելու մասին արձանագրությունը.

«Հիմք ընդունելով Հանրապետության նախագահի հրաժարականի մասին դիմումը և առաջնորդվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 142-րդ հոդվածի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 147-րդ հոդվածի 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի պահանջներով՝ դադարած համարել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի՝ նախագահի լիազորությունները», - ասված է արձանագրությունում:

ԱԺ նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը:

Հունվարի 23-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարական է ներկայացրել։ Նախագահի հրաժարականն ուժի մեջ է մտնում, եթե այն հետ չի վերցվում 7 օրվա ընթացքում։ Հրաժարականն ուժի մեջ է մտնում հունվարի 31-ին։ Մինչև նոր նախագահի ընտրությունը նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ԱԺ նախագահը:

Հունվարի 30-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը, որտեղ քննարկվել է Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանին Հանրապետության նախագահի թեկնածու առաջադրելու մասին հարցը։