3 փետրվարի 2022 - 15:52 AMT
ԱՄՆ-ն այլևս «անխուսափելի» չի անվանում ՌԴ հնարավոր ներխուժումն Ուկրաինա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն այլևս «անխուսափելի» չի անվանում ՌԴ հնարավոր ներխուժումն Ուկրաինա, թեև կարծում է, որ դա կարող է տեղի ունենալ «ցանկացած պահի»։ Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

«Այդ բառը «ազդանշան էր, որը մենք մտադիր չէինք ուղարկել՝ կարծես գիտենք, թե նախագահ Պուտինն արդեն կայացրել է որոշումը»,-ասել է Փսակին՝ պարզաբանելով «անխուսափելի» բնորոշումից հրաժարվելը, գրում է Deutsche Welle-ն։

Ըստ նրա, ԱՄՆ վարչակազմը նախկինի պես կարծում է, որ Պուտինն այնպես է տեղակայել զորքերը, որ Ռուսաստանը «կարող է ներխուժել ցանկացած պահի»։ Միևնույն ժամանակ, նա ասել է, որ ԱՄՆ իշխանությունները չգիտեն՝ «արդյոք նա որոշում է կայացրել»։

Ավելի վաղ ճեպազրույցում Փսակին հայտարարել էր, թե ՌԴ զորքերի ներխուժումն Ուկրաինա կարող է «անխուսափելի լինել»։ Դա արժանացավ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի քննադատությանը, որը հորդորեց խուճապ չտարածել։ Արևմուտքում կարծում են, որ ՌԴ-ն զորք է կուտակում Ուկրաինայի հետ սահմանին՝ պատրաստվելով հաևրան երկրի դեմ ագրեսիայի։