3 փետրվարի 2022 - 15:28 AMT
Ավանեսյան․ Երեխաների մոտ «օմիկրոնը» շատ տարածված է՝ մանկական բուժկենտրոնները լարված են

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով կորոնավիրուսի նոր դեպքերի աճին, ասել է, որ նաև երեխաներն են հաճախ հիվանդանում «օմիկրոն» շտամով և մանկական բժշկական կենտրոններն ամբողջությամբ լարված աշխատում են` երեխաների շրջանում շատ տարածված է օմիկրոնը։

Նրա վստահեցմամբ՝ «օմիկրոնի» դեպքում հիվանդացության միջին տարիքը 47 տարեկանն է։

«Այսինքն, տարիքի նվազում ունենք»,- ասել է նա, գրում է «Առավոտը»։

Ավանեսյանը հավելել է, որ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամի դեպքում հիվանդացության ախտանշանները նման են հարբուխին, հիվանդի մոտ լինում է հազ, փռշտոց, ջերմության բարձրացում։

«Օմիկրոն» շտամով հիվանդությունը գրիպի և հարբուխի շփոթեցնող նշաններ ունի, եթե կան նման ախտանշաններ, ապա արժե ՊՇՌ թեստ հանձնել, հասկանալու համար՝ քովիդո՞վ եք վարակված, թե՝ ոչ»,-ասել է նա։

Նախարարը նաև նշել է, որ հիվանդացածների շրջանում նկատվում է հիվանդության ծանրության թեթևացում։

«Եթե այս թվերն ունենայինք «դելտա» շտամի դեպքում, հոսպիտալացման աստիճանն ու համակարգն անհամեմատ ավելի ծանրաբեռնված կլիներ։ Այսօր մեր մահճակալային ֆոնդը դեռ ամբողջությամբ ծավալված չէ։ Ընթացքում, ըստ կարգի, կավելացնենք»,-ասել է նա։

Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 379,266-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով ռեկորդային 4388-ով։