3 փետրվարի 2022 - 18:19 AMT
Փոխնախարար․ Եթե պարզվի, որ զորամասը լքած նորակոչիկի մասին ահազանգը ճիշտ է, խիստ պատիժներ կհետևեն

ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Կապանի զորամասը լքած նորկոչիկին, որն, ըստ լուրերի, բռնության է ենթարկվել, ասել է, որ պաշտպանության նախարարությունը շահագրգռված է, որ նորակոչիկի՝ զորամասն ինքնակամ լքելու դեպքի հետ կապված իրականությունը պարզվի:

Նա հավելել է, որ եթե պարզվի, որ ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ, գրում է Sputnik Արմենիան։

«Ունենք զորամասն ինքնակամ թողած զինվոր: Այդ փաստի առթիվ սկսվել է քննություն, որի շրջանակում գնահատական կտրվի նաև այն հանգամանքին, թե ինչն է զորամասն ինքնակամ թողնելու պատճառ դարձել: Եթե պարզվի, որ ահազանգը համապատասխանում է իրականությանը, դրան կհետևեն խիստ պատիժներ: Կարելի է ասել` տարիներ շարունակ մենք նման բան չէինք լսել, որ այսպիսի խնդիրներ կան: Եթե կա, հետևապես բազմակողմանի օբյեկտիվ քննության շրջանակներում նաև ուսումնասիրության առարկա կդառնա իր նշած հանգամանքը»,-ասաց փոխնախարարը:

Նա վստահեցրել է` իրենց ձեռնտու է, որ պարզվեն բոլոր հանգամանքները։ «Եթե իրականում լինի զինվորի նկատմամբ փոքր-ինչ բռնության գործադրման փաստ, ապա կտեսնեք դրա հետևանքները»,- շեշտել է Սարգսյանը:

Նրա խոսքով՝ զինվորը ներկայացվել է նախաքննական մարմին, ամբողջը կպարզվի:

Զորամասը լքած նորակոչիկի մասին ֆեյսբուքյան իր էջում գրել էր ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։