5 փետրվարի 2022 - 16:52 AMT
Բրիտանացի պատգամավորը խոստովանել է՝ «սնուցվել է» Ադրբեջանի քարոզչությամբ

Բրիտանացի պահպանողական պատգամավոր, Հարոու Իսթից ընտրված Բոբ Բլեքմանը, որը նաև Ադրբեջանի հետ բարեկամության խորհրդարանական համակուսակցական խմբի նախագահն է, խոստովանել է, որ քարոզչություն է արել հօգուտ Ադրբեջանի։ Այդ մասին նա ասել է փոդքասթում, տեղեկացնում է ՕpenDemocracy-ն։

Նա ասել է , որ Ադրբեջանը «սնուցում էր» իրեն քարոզչությամբ և օգտագործում Մեծ Բրիտանիայի կառավարության շրջանում այն առաջ տանելու համար։

«Ես կանոնավոր կերպով շարադրում էի Ադրբեջանի մեր լավ բարեկամների դիրքորոշումները»,-ասել է նա։

«Բլեքմանը, լինելով պահպանողականների «1992-ի կոմիտեի» գործադիր քարտուղարը 2011թ․ ի վեր տասնյակ հազարավոր ֆունտ ստեռլինգի 7 անվճար այցելություն է կատարել նավթով հարուստ Ադրբեջան։ Վերջին 3 ուղևորության համար վճարել է կամ Ադրբեջանի խորհրդարանը, կամ Լոնդոնում այդ երկրի դեսպանատունը»,-ասվում է հոդվածում։

Բլեքմանը նաև ասել է, որ տեղեկություններ է ստացել Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատնից։

«Նրանք շատ, շատ, շատ օգտակար էին և շատ ակտիվ հենց սկզբից, երբ սկսվեցին ռազմական գործողությունները»,-ասել է նա՝ նկատի ունենալով Ադրբեջանի 44-օրյա պատերազմն Արցախի դեմ։