12 փետրվարի 2022 - 15:46 AMT
ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբ» աստղադիտակն առաջին լուսանկարներն է ուղարկել Երկիր մոտ 1․5 մլն կմ հեռավորությունից

Ավելի քան մեկ ամիս առաջ տիեզերք ուղարկված ՆԱՍԱ-ի «Ջեյմս Ուեբ» ինֆրակարմիր աստղադիտակն առաջին լուսանկարներն է ուղարկել Երկիր իր ուղևորության վերջնակետից՝ մոլորակից մոտ 1․5 մլն կմ հեռավորությունից։

Առաջին պատկերները, որ ուղարկվել են «Ջեյմս Ուեբի» հիմնական տեսախցիկից, աչքի չեն ընկնում հստակությամբ և բազմազանությամբ, գրում է BBC-ն։

Ստացված պատկերը բաղկացած է միևնույն աստղի՝ HD 84406-ի, ավելի քան 1000 առանձին լուսանկարներից։ Այդ աստղը գտնվում է Երկրից ընդամենը 260 լուսային տարվա հեռավորության վրա, Մեծ արջի համաստեղությունում և իր բնութագրերով շատ է հիշեցնում մեր Արեգակը։

Տեսնել այդ աստղը Երկրից անզեն աչքով անհնար է, սակայն հզոր հեռադիտակով և նույնիսկ մանկական աստղադիտակով այն տեսանելի է գիշերային երկնքում։

Գիտնականները հուսով են, որ 10 մլրդ դոլար արժողությամբ աստղադիտակը թույլ կտա նրանց ներթափանցել հեռավոր անցյալ՝ Տիեզերքի և գալակտիկաների ձևավորման շրջան։ Դա հնարավոր է, քանի որ այն կարող է որսալ ազդանշաններն այն աստղերից, որոնք մինչև 13․5 մլրդ լուսային տարվա հեռավորության վրա են։ Այսինքն դա թույլ կտա տեսնել Տիեզերքն այնպիսին, ինչպիսին այն կար Մեծ պայթյունից 200 մլն տարի անց։