ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը փետրվարի 16-ի հեռախոսազրույցում քննարկել են իրավիճակն Անդրկովկասում՝ հատուկ ուշադրություն դարձնելով ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, գրում է ՏԱՍՍ-ը։
Նշվում է, որ այդ համատեքստում կարևորվել է ՌԴ, Ադրբեջանի և ՀՀ ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների բոլոր դրույթների կատարումը։
Նախարարները քննարկել են նաև ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության հեռանկարները, այդ թվում՝ «առաջիկա շփումների ժամանակացույցը»։
Հեռախոսազրույցում անդրադարձ է եղել նաև ՌԴ անվտանգության ապահովման վերաբերյալ նախաձեռնություններին։
Փետրվարի 15-ին տեղի ունեցել նաև Լավրովի հեռախոսազրույցը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ՝ ընդգծվել է հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլերի ձեռնարկումը և սահմանազատման և սահմանագծման հարցերով մեխանիզմների ձևավորումը։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։