21 փետրվարի 2022 - 11:37 AMT
ՔՊ-ն չի միանա ընդդիմության` «Շուշիի հռչակագիրը» դատապարտող հայտարարությանը

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստում քննարկել է «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծը, որը դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի վավերացրած «Շուշիի հռչակագիրը»: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի միանա նախաձեռնությանը։

Իշխող խմբակցության մոտեցումը ներկայացրել է պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ հայտարարելով, որ իրենց խմբակցությունը չի միանա «Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը՝ պատճառաբանելով, թե ՀՀ կառավարությունն արդեն իսկ իր դիրքորոշումը հայտնել է, գրում է «Փաստինֆոն»։

Նախագիծը հանձնաժողովում ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը: Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ «Շուշիի հռչակագրով» ամրագրվում են թուրք-ադրբեջանական տանդեմի ծավալապաշտական նպատակները և արձանագրվում, որ այդ դաշինքը սպառնալիք է Հայաստանի և Արցախի գոյությանը.

«Այս հռչակագրին հնարավոր չէ չարձագանքել խորհրդարանի մակարդակով, քանի որ Ալիևի և Էրդողանի կողմից հռչակագիրը ստորագրելուց հետո երկու երկրների խորհրդարանները ևս վավերացրել են այդ հռչակագիրը»,-ասել է Թևանյանը:

Արսենյանը նշել է, թե «ԱԺ-ն ու Արտաքին գործերի նախարարությունը վարում են միասնական արտաքին քաղաքականություն»։

«ՀՀ կառավարության ծրագրի առանցքային կետ է հանդիսանում տարածարջանում երկարատև խաղաղություն հաստատելը, սույն նպատակին հասնելու, ինչպես նաև գործընթացը որևէ պարագայում չվիժեցնելու համար ՀՀ իշխանություները վարում են համապատասխան արտաքին քաղաքականություն, որում հաշվի են առնվում բոլոր ռիսկներն ու հնարավորությունները»,- ասել է ՔՊ-ական պատգամավորը:

Շուշիի հռչակագիրը ստորագրվել էր 2021 թ. հունիսի 15-ին Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում՝ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից: 2022-ին Ադրբեջանի և Թուրքիայի խորհրդարանները վավերացրել են հռչակագիրը։