21 փետրվարի 2022 - 15:04 AMT
Քոչարյան․ Մովսես Հակոբյանը կգա հանձնաժողով, կամ հանրայնորեն պետք է պատասխանի մի շարք հարցերի

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, արձագանքելով ԶՈւ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությանը, թե չի պատրաստվում գալ այդ հանձնաժողով, աշխատանքային քննարկման ժամանակ նշել է, որ Հակոբյանը ժամանակ կունենա իր հայտարարությունը հետ վերցնելու:

Քոչարյանն ընդգծել է, որ համոզված է` Հակոբյանը կգա հանձնաժողով, հակառակ դեպքում հանրայնորեն պետք է պատասխանի մի շարք հարցերի։ Նա հավելել է, որ նիստերին ընդդիմության չմասնակցելը փորձ էր լեգիտիմացնելու նման հայտարարությունները, գրում է Sputnik Արմենիան։

ՊԲ նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Սամվել Բաբայանը, որը մասնակցում է հանձնաժողովի նիստերին որպես անկախ խորհրդատու, նույնպես արձագանքել է Հակոբյանի հայտարարությանը` ասելով, որ հանձնաժողովը երբ հրավիրի գեներալական ուսադիրներ ունեցողներին, մարդիկ կտեսնեն, որ նրանք ընդդիմություն չեն։

«Ուզում եմ շեշտը ճիշտ դնել` այդ գեներալներից մեկը չկա, որ չի եղել պատերազմի դաշտում։ Ուստի, նրանք ընդդիմադիր չեն` մեկը գործող իշխանությունն է, մյուսը` ներկա իշխանությունից 4 ամիս առաջ գործած իշխանությունը։ Ընդդիմությունը մենք ենք»,- ասել է Բաբայանը։

Այնուհետև հանձնաժողովը շարունակել է աշխատանքը փակ ռեժիմով։

Փետրվարի 10–ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների նախաձեռնությամբ ՀՀ Ազգային ժողովում քննիչ հանձնաժողով է ստեղծվել։ Հանձնաժողովը ստեղծվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հանգամանքներն ուսումնասիրելու նպատակով։ Ընդդիմությունը չի մասնակցում հանձնաժողովի աշխատանքին։