1 մարտի 2022 - 18:17 AMT
ԱԺ-ն մերժել է թոշակներն ամեն տարի ինդեքսավորելու ընդդիմության առաջարկը

Ազգային ժողովը 62 դեմ ձայնով մերժել է թոշակներն ամեն տարի ինդեքսավորելու «Հայաստան» խմբակցության ներկայացրած նախագիծն օրակարգում ընդգրկելու առաջարկը։

Նախագիծը հեղինակած «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նշել է, որ խմբակցությունն առաջարկում է աշխատանքային և զինվորական կենսաթոշակներն ինդեքսավորել յուրաքանչյուր տարի, քանի որ տարեկան գրանցվում է մոտ 7 տոկոս գնաճ և թանկանում են հատկապես պարենային ապրանքները:

Ավելի վաղ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել օրենսդրական փոփոխությունների նախագծին։ Հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանն իր ելույթում կոչ է արել դեմ քվեարկել նախագծին՝ նշելով, որ ինդեքսավորման կարգն օրենքով սահմանելու մոտեցումը խնդրահարույց է մի շարք պատճառներով:

Նախագծով առաջարկում էր տարեկան առնվազն մեկ անգամ (ամեն տարվա փետրվարին) թոշակներն ու նպաստները ինդեքսավորել գնաճին համապատասխան՝ բնակչության խոցելի հատվածին զերծ պահելու համար թանկացումների բացասական հետևանքներից։