2 մարտի 2022 - 17:10 AMT
Պեսկով․ Պուտինի խոսքերը՝ ինչպես են գծվել Ուկրաինայի սահմանները, մյուս հետխորհրդային երկրներին չեն վերաբերում

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինի կարծիքն այն մասին, թե ինչպես են գծվել Ուկրաինայի սահմանները ԽՍՀՄ կազմում, մյուս նախկին խորհրդային հանրապետություններին չի վերաբերում։

«Ոչ, չի վերաբերում»,-ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին, գրում է ՏԱՍՍ-ը։

Պեսկովը չի պատասխանել այն հարցին, թե Պուտինի համար որն է տարբերությունը Ուկրաինայի սահմանների, և, ասենք, Ղազախստանի սահմանների որոշման միջև։

«Նույնիսկ մեծ ցանկության դեպքում հիմա չենք կարող այստեղ պատմական բանավեճ ծավալել։ Հուսով եմ, հետագա ինչ-ինչ ասուլիսների, մամուլի հետ նախագահների շփումներում դուք հնարավորություն կունենաք տալու այդ լրացուցիչ հարցերը»,- ասել է նա։

Ավելի վաղ Պուտինը մի քանի անգամ ասել է, որ ներկայիս Ուկրաինան ամբողջությամբ և լիովին խորհրդային դարաշրջանի ծնունդ է, որը մեծապես ստեղծվել է նաև պատմական ռուսական հողերի հաշվին։ Նա ընդգծել է, որ ՌԴ-ն «ընդունել է նոր աշխարհաքաղաքական իրողությունները» և օգնել անկախ Ուկրաինայի կայացմանը։

Photo. Ria Novosti