3 մարտի 2022 - 14:10 AMT
Քերոբյանը հորդորել է գյուղացիներին մշակել չօգտագործվող հողերը՝ սնունդը թանկանալու է

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կառավարության նիստում խոսելով պարենային լուրջ մարտահրավերի մասին, գյուղացիներին կոչ է արել «մաքսիմալ շատ մշակել իրենց հողերը»։

«Բազմաթիվ մարտահրավերները հաշվի առնելով՝ պարենային անվտանգության լուրջ մարտահրավեր է ակնկալվում։ Բայց մյուս կողմից, քանի որ սննդամթերքի գներն աճելու են, գյուղատնտեսությունն ավելի հրապուրիչ է դառնում։ Այն, ինչ 1-2 տարի առաջ ձեռնտու չէր, հիմա գրավիչ դառնա;»,-ասել է նախարարը։

Նա կոչ է արել անմշակ հողատարածքներ ունեցողներին մշակել այդ հողերը, քանի որ պահանջարկը լինելու է։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին ասել է, որ վերջին 2 տարում «գնաճային երկրաշարժեր են տեղի ունենում»՝ Covid-ով և աշխարհաքաղաքական զարգացումներով պայմանավորված։

«Այս առումով, այո, լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում։ Բայց մյուս կողմից, եթե լավատեսական բան գտնենք, աճելու են գյուղատնտեսական արտադրանքի գները»,-ասել է նա: