2022թ․ հուլիսին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադային մասնակցելու համար 64 երկիր է գրանցվել։ Այդ մասին օլիմպիադայի աշխատանքների համակարգման խորհրդատվական հանձնաժողովի առաջին նիստում հայտարարել է «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանը։
Նա նշել է, որ հայտագրման գործընթացը կավարտվի մարտի 10-ին, և մինչև ամսվա վերջը կուրվագծվի պատվիրակությունների և մասնակիցների հստակ թվաքանակը:
Օլիմպիադային պատշաճ նախապատրաստվելու և համապատասխան կազմակերպչական աշխատանքներ իրականացնելու նպատակով հանձնաժողովը երկու շաբաթը մեկ կգումարի նիստեր՝ ընթացիկ իրավիճակը վերահսկելու, խնդիրներին արագ արձագանքելու և բոլոր աշխատանքները որակյալ կազմակերպելու համար:
Գայանե Ղուկասյանը տեղեկացրել է, որ օլիմպիադային մասնակցելու են նաև դիտորդ երկրների ներկայացուցիչներ:
Հանձնաժողովի կազմում ընդգրկված են ԿԳՄՍ նախարարության և Երևանի պետական համալսարանի ներկայացուցիչներ, ինչպես նաև «2022 թվականին Հայաստանում կայանալիք կենսաբանության միջազգային օլիմպիադա» ծրագրի ղեկավարը: