Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդը 26․5 միլիոն եվրոյի վարկ է հաստատել Հայաստանի «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի» (ՊՀԱԾ IV) համար։
Կառավարության մասնակցությունը կկազմի 5․3 միլիոն եվրո։
Ծրագիրը Հայաստանի պետական հատվածի արդիականացման ծրագրերի շարքում չորրորդն է և կառավարությանը կօգնի տնտեսվարողների և քաղաքացիների համար ընտրված պետական ծառայությունների արդյունավետության բարձրացման և հասանելիության բարելավման հարցում։
Նշվում է, որ Հայաստանում մի շարք պետական ծառայություններից օգտվելու համար քաղաքացիների ֆիզիկական ներկայությունն է պահանջվում։ Ասվածն առավել ակնհայտ է գյուղական վայրերում։ Քաղաքացիների համար նաև գոյություն ունեցող թվային ծառայություններից օգտվելու մարտահրավերներ կան։ Ըստ Համաշխարհային բանկի ՏՀՏ հարցման եզրահանգման՝ Հայաստանի քաղաքացիների և տնտեսվարողների միայն 5 տոկոսն է ներկայումս օգտվում կառավարության առցանց ծառայություններից։
«Պետական կառավարման արդիականացումը և պետական ծառայությունների արդյունավետ մատուցումը կարող է խթանել ներառական աճը և կրճատել անհավասարությունները»,- ասել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատը։
Ծրագիրը պետական հատվածի արդիականացման մոտեցմանը կաջակցի պետական կառավարման, տվյալների կառավարման և թվային ծառայությունների մատուցման համակարգերի վրա խարսխված երեք բաղադրիչների միջոցով։ Առաջին բաղադրիչի առանցքում պետական կառավարման ընդհանուր արդյունավետությունն է, և այն օժանդակում է Քաղաքացիական ծառայության գրասենյակի, հանրային ծառայության կառավարման, Արդարադատության նախարարության արդյունավետության բարձրացմանը։
1992 թ․Համաշխարհային բանկին և 1993 թ․ ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ ընդհանուր հանձնառությունները կազմել են մոտավորապես 2,477,870 դոլար։