5 մարտի 2022 - 15:53 AMT
Բաքվում 2 հայ ռազմագերու դատապարտել են 19 և 18 տարվա ազատազրկման

Բաքվում ավարտվել է 2 հայ ռազմագերիների դատավարությունը։ Դատարանը ՀՀ քաղաքացիներ Իշխան Սարգսյանին և Վլադիմիր Ռաֆայելյանին դատապարտել է համապատասխանաբար 19 և 18 տարվա ազատազրկման։

Դատավճռում ասվում է, որ նրանք 9 տարի պետք է անցկացնեն բանտում, իսկ մնացած ժամկետը՝ խիստ ռեժիմի գաղութում, տեղեկացնում է ԱՊԱ գործակալությունը։

Ավելի վաղ դատախազը Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի համար 20 և 19 տարվա ազատազրկում էր պահանջել:

Նրանց մեղադրում են իբր 2021-ի մայիսին «Ադրբեջանի սահմանն ապօրինի հատելու և Քարվաճառի շրջանում Ադրբեջանի ՊՆ ենթակայության մատակարարման ուղիներն ականապատելու մեջ», ինչպես նաև, «ըստ Սարգսյանի ցուցմունքի, Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը պայթեցնելու մտադրության մեջ», տեղեկացնում է Sputnik Ադրբեջանի տելեգրամ ալիքը։

2021-ի մայիսի 27-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ նույն օրը վաղ առավոտյան Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ զինված ուժերի վեց զինծառայող։ Հայկական կողմի պնդմամբ՝ հայ զինծառայողները գտնվել են ՀՀ տարածքում և չեն հատել սահմանը։ Նրանցից 4-ը հունիսի 12-ին վերադարձվել են հայկական կողմին։ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի անունները ևս գերեվարվածների ցուցակում էր, բայց նրանք չեն վերադարձվել։