5 մարտի 2022 - 16:47 AMT
Բայրամով․ Հայ-թուրքական հարաբերությունների հարցում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ամբողջական համակարգում կա

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Ադրբեջանի և Թուրքիայի միջև ամբողջական համակարգում կա։ Այդ մասին Բաքվում Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ համատեղ ասուլիսում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը՝ հավելելով, որ Բաքուն կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։

Բայրամովն ասել է, որ «44-օրյա պատերազմը փոխել է իրողությունները տարածաշրջանում» և Բաքուն կողմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։ Նա հավելել է, որ արդեն կարելի է կարգավորման մասին երկխոսություն սկսել, հայտնում է ԱՊԱ-ն։

«Ադրբեջանը սատարում էր և սատարում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը․․․Այդ ուղղությամբ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ամբողջական համակարգում կա։ Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունները ուղղված չեն երրորդ երկրների դեմ։ Երբ ՀՀ ղեկավարությունն ու հասարակությունը կհասկանան, որ այն, ինչ լավ է Ադրբեջանի և Թուրքիայի համար, վատ չէ Հայաստանի համար, հարաբերությունները կզարգանան»,-ասել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սարդար Քըլիչը գտնվում է Ադրբեջանում։ Նա այդ երկիր է ժամանել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակության կազմում։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը տեղի էր ունեցել հունվարի 14-ին։ Հանդիպման ավարտին կողմերն այն դրական և կառուցողական էին անվանել։ «Կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների»,-ասվում էր հանդիպման վերաբերյալ ՀՀ ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Նրանց 2-րդ հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Վիեննայում։ Նրանք վերահաստատել են իրենց համաձայնությունը՝ գործընթացը շարունակելու առանց նախապայմանների: