9 մարտի 2022 - 14:55 AMT
Սի Ծինփինը շնորհավորել է Խաչատուրյանին՝ կարևորելով Չինաստանի և ՀՀ հարաբերությունների զարգացումը

Չինաստանի նախագահ Սի Ծինփինը ՀՀ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Վահագն Խաչատուրյանին ուղղված շնորհավորական ուղերձում կարևորել է Չինաստանի և Հայաստանի հարաբերությունների զարգացումը և նշել, որ պատրաստ է աշխատել Խաչատուրյանի հետ՝ նպաստելու երկկողմ կապերի առողջ և կայուն զարգացմանը ի շահ երկու երկրների և ժողովրդների։

Նա նշել է, որ Չինաստանի և Հայաստանի գործընկերությունը հիմնված է ավանդական բարեկամության վրա, հայտնում է Սինհուա գործակալությունը:

Շնորհավորական ուղերձում ասվում է նաև, որ դիվանագիտական կապերի հաստատումից ի վեր երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունների զարգացումը մեծ խթան է ստացել, իսկ համագործակցությունը տարբեր ոլորտներում զգալի ձեռքբերումներ է արձանագրել։

Վահագն Խաչատուրյանը ՀՀ նախագահ է ընտրվել ԱԺ մարտի 3-ի նիստում։ Նա իր լիազորությունները կստանձնի ԱԺ հատուկ նիստում, որը կանցկացվի մարտի 13-ին մարզահամերգային համալիրում։