10 մարտի 2022 - 12:09 AMT
Փաշինյան․ Արցախում որոշակի լարում կա, գնահատականներ չտանք՝ փորձելու ենք կենտրոնանալ խնդիրների լուծման վրա

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կառավարության նիստում անդրադառնալով վերջին օրերին Արցախում ստեղծված իրավիճակին, ասել է, որ իրավիճակի որոշակի լարում ունենք, ինչն ընդգծվում է Արցախին բնական գազ մատակարարող խողովակաշարի խափանմամբ։

«Այս պահին գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ կա այդպիսի իրավիճակ»,-ասել է վարչապետը՝ հավելելով, որ փորձելու են կենտրոնանալ խնդիրների լուծման ուղղությամբ։

Նա ասել է, որ ՀՀ իշխանությունները, Արցախի գործընկերների ու միջազգային կառույցների հետ համատեղ, աշխատում են իրադրությունը կայունացնելու ուղղությամբ։

Վերջին օրերին սրվել է իրավիճակը ՊԲ և ադրբեջանական զինուժի շփման գծում, հակառակորդը ծանր տեխնիկա է կուտակել Խրամորթ գյուղի մոտ։ Ադրբեջանցի զինծառայողները բարձրախոսներով «հորդորում են» մոտակա գյուղերի բնակիչներին հեռանալ։ Ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում մարտի լույս 8-ի գիշերը վնասվել է գազատարը, որը մինչև հիմա դեռ վերականգնված չէ՝ ադրբեջանցիները խոչընդոտում են աշխատանքներին, նրանց հետ բանակցություններ են ընթանում ռուս խաղաղապահների մասնակցությամբ։

Մարտի 10-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովն արտահերթ նիստ կհրավիրի՝ կապված սահմանային իրավիճակի հետ։

Մարտի 10-ին Խրամորթում խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Ականը պայթել է տան բակում՝ գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս։ Մարտի 9-ին օրվա ընթացքում, այնուհետև՝ ամբողջ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև ականանետերով, պարբերաբար խախտել են հրադադարը։