16 մարտի 2022 - 17:38 AMT
Առաջարկ. Պարզեցնել փոքր և միջին արտահանողների մաքսային գործընթացը

Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Պետական տուրքի մասին» օրենքում՝ բարելավելով փոքր և միջին արտահանողների մաքսային գործընթացը։

Նախագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում և դրական եզրակացություն ստացել։

Փոփոխությունն ուղղված է մաքսային ձևակերպումների գործընթացի պարզեցմանը, ինչպես նաև դրա համար պահանջվող ծախսերի կրճատմանը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ օրինագծով նախատեսվում է հնարավորություն ընձեռել տնտեսվարող սուբյեկտներին` չվճարել մեկ փոխադրողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով ՀՀ-ից արտահանվող, ընդհանուր մաքսային արժեքը 1 մլն ՀՀ դրամ եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքների համար գանձվող մաքսավճարները:

Ենթադրվում է, որ փոփոխությունը կբարելավի նաև մրցակցային միջավայրը, մասնավորապես` ցածր արժողություն ունեցող ապրանքների արտահանման դեպքում տնտեսվարողը կազատվի պետական տուրքի վճարման պարտականությունից, ինչը կնպաստի մատակարարների քանակի ավելացմանը:

Օրենսդրական նախաձեռնության ընդունմամբ պետական բյուջեի եկամուտները կնվազեն միջինում 106.35 մլն դրամի չափով: