19 մարտի 2022 - 13:35 AMT
Զելենսկին ՌԴ-ին ազնիվ բանակցությունների կոչ է արել

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտի լույս 19-ի տեսաուղերձում ՌԴ-ին ազնիվ բանակցությունների կոչ է արել։ Նա ասել է, թե Ռուսաստանը շանս ունի «նվազեցնելու վնասն իր սխալներից, սակայն, պետք է բովանդակային և առանց ձգձգումների բանակցություններ վարի Ուկրաինայում խաղաղության և անվտանգության մասին», գրում է Deutsche Welle-ն։

«Մենք միշտ պնդել ենք, որ բանակցություններ լինեն։ Մենք միշտ երկխոսություն ենք առաջարկել, լուծումներ խաղաղության համար»,-ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ ցանկանում է, որ իրեն լսեն Մոսկվայում։

«Ժամանակն է հանդիպել և խոսել, ժամանակն է վերականգնել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու արդարությունը։ Հակառակ դեպքում, կորուստները Ռուսաստանի համար այնպիսին կլինեն, որ ձեզ մի քանի սերունդ կպահանջվի ոտքի կանգնելու համար»,-ասել է Զելենսկին։

Փետրվարի 24-ից ՌԴ-ն պատերազմ է վարում Ուկրաինայի դեմ՝ առաջանալով երկրի տարածքում, այդ թվում, Ղրիմից, Բելառուսից, և Դոնբասից։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները, ինչպես նաև ԱՄՆ-ն, Մոսկվայի դեմ պատժամիջոցների մի քանի փաթեթ են ընդունել՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցները վերաբերում են ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։ Պատժամիջոցներ են սահմանվել նաև սպորտի և մշակույթի ոլորտում, ինչպես նաև արվեստի առանձին գործիչների դեմ։