2 ապրիլի 2009 - 23:03 AMT
Կոնգրեսական Քըրքը կասկածում է, որ ԱՄՆ Կոնգրեսը կընդունի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը
Չնայած ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու խոստմանը, Ցեղասպանության մասին բանաձեւը չի ընդունվի ԱՄՆ Կոնգրեսում: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին աջակցության խմբի համանախագահ, հանրապետական Մարկ Քըրքը: «Այս տարի Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման ակնկալիքները մեծ են, քանի որ Բարաք Օբաման խոստացել է ընդունել Ցեղասպանությունը: Սակայն ինձ թվում է, որ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին թույլ չի տա օրինագծի ընդունումը», - հայտարարել է Մարկ Քըրքը: Դրա հետ մեկտեղ, կոնգրեսական Քըրքը նշել է, որ եթե ԱՄՆ հայկական համայնքին տրված խոստումը չկատարվի, ապա ժողովրդավարները կարող են պարտություն կրել 2010 թվականին Կոնգրեսի ընտրություններում: Հանրապետական կոնգրեսականն ընդգծել է, որ հավատում է, որ Կոնգրեսը մի օր կընդունի Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը, գրում է թուրքական Hurriyet Daily News թերթը:

Մարտի 17-ին ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւը: Բանաձեւը, որի հեղինակներն են Ադամ Շիֆը, Ջորջ Ռադանովիչը, Ֆրենք Փալոունը եւ Մարկ Քըրքը, ԱՄՆ կառավարությանն ու նախագահին կոչ է անում ցեղասպանություն ճանաչել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի նկատմամբ կիրառված վայրագությունները, որոնք խլել են 1,5 մլն մարդու կյանք: