29 մարտի 2022 - 14:28 AMT
ՌԴ ԱԳ փոխնախարար․ ԼՂ-ում ադրբեջանցիների հետքաշումը պետք է Բաքվին հասցեագրել

ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակին, ասել է, որ ադրբեջանական զորքերի հետքաշման հարցը պետք է Բաքվին հասցեագրել։

«Ռուսաստանի արտգործնախարարությունն արդեն արել է իր հայտարարությունը՝ մտահոգություն հայտնելով Ղարաբաղի գոտում լարվածության աճի կապակցությամբ»,- ասել է Ռուդենկոն, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հույս է հայտնել, որ լարվածությունը Լեռնային Ղարաբաղում կկարգավորվի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիման վրա։

«Մենք հուսով ենք, որ այդ ամենը, այնուամենայնիվ, կկարգավորվի ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի 2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության շրջանակում»,-ասել է նա։

Մարտի 26-ին ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Ադրբեջանի զորքերը մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ՌԴ խաղաղապահ զորրախմբի պատասխանատվության գոտի։ Մարտի 27-ի երեկոյան ՌԴ ՊՆ-ն հայտարարեց, որ Ադրբեջանը հետք է քաշեր զորքերը ԼՂ Փառուխ գյուղի տարածքից։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունը։ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ Ադրբեջանի ԶՈւ-ն շարունակում է մնալ Քարագլխի մի հատվածում ամրացված դիրքերում, Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն այժմ գտնվում է Արցախում տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի վերահսկողության գոտում։