5 ապրիլի 2022 - 13:31 AMT
Կիվիկո․ Ղրիմից պաշտոնական պատվիրակություն է ժամանել ՀՀ

Գործարար այցով Ղրիմից պաշտոնական պատվիրակություն է ժամանել Հայաստան։ Այդ մասին հայտնել է Ղրիմի կառավարության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Պատվիրակության կազմում են նաև ՌԴ նախագահին կից Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը, տնտեսական զարգացման նախարարության և գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Կիվիկոն հայտնել է, որ Ղրիմի պատվիրակությունը մասնակցելու է Ղրիմի օրերին, ինչպես նաև ներկայացնելու է Ղրիմի ներդրումային և տնտեսական ներուժը։ Կայանալու են նաև գործարարների երկկողմ հանդիպումներ։

Պատվիրակությունը հանդիպելու է ՀՀ-ում ՌԴ դեսպանի, ՀՀ-ում ՌԴ Առևտրի ներկայացուցչի, ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ներկայացուցիչների հետ։ Նշվում է, որ տեղի է ունենալու նաև «Ղրիմի գարուն՝ հավերժ միասին» լուսանկարչական ցուցահանդես, նվիրված ՌԴ-ի հետ Ղրիմի միավորման 8-ամյակին, և տոնական համերգ։

ՌԴ-ին Ղրիմի միավորման վերաբերյալ ՀՀ-ն ոչ մի ճանաչող հայտարարությամբ հանդես չի եկել և չեզոք դիրքորոշում է զբաղեցնում՝ Ուկրաինայում շարունակվող պատերազմի ամբողջ ընթացքում։