6 ապրիլի 2022 - 16:11 AMT
Ցույց կառավարության մոտ` Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով

«5165 շարժումը» և մի շարք հասարակական կազմակերպություններ և հասարակական քաղաքական գործիչներ ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել՝ պաշտպանելու Արցախի անկախության ճանաչման պահանջը։

«5165 շարժման» առաջնորդ Կարին Տոնոյանն ակցիայի ժամանակ ասել է․ «Եթե Փաշինյան-Ալիև հանդիպմանը էական փաստաթուղթ չստորագրվի, ապա դա չի լինի Փաշինյանի ջանքերի շնորհիվ, այլ կլինի մեր ջանքերի, մինչ այսօր մեր ձեռնարկած միջոցառումների շնորհիվ», հայտնում է Factor.am-ը։

Բողոքի ցույցի ժամանակ «5165 շարժման» համահիմնադիր Մենուա Սողոմոնյանը, անդրադառնալով Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստում ընդունված հայտարարությանը, նշել է, որ օրակարգերի միջև հստակ կապ կա, տեղեկացնում է աղբյուրը։

«Առանձնացնեմ երկու կետ, առաջին՝ ՀՀ-ն պետք է դառնա Արցախի անվտանգության երաշխավոր, և երկրորդ՝ Արցախի միջազգային ճանաչումը: Այստեղ մեր առաջադրած պահանջի և ԱՀ ԱԺ-ի օրակարգերի միջև կա հստակ կապ: Եվ սա մենք ողջունում ենք: Երեկվա ընդդիմության հանրահավաքում էլ գործող իշխանության առաջ դրվել են պահանջներ, որոնցից երկուսն առանձնացնեմ. հաստատել, որ ԱՀ ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորը ՀՀ-ն է, չստորագրել փաստաթուղթ, որը կխանգարի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումն՝ առանց սահմանափակումների ապահովելու, վերականգնել ԵԱՀԿ գագաթնաժողովի ձևաչափով բանակցային գործընթացը: Այստեղ տեսնում ենք խորհրդարանական տիտղոսավոր ընդդիմության և մեր օրակարգերի միջև նմանություն»,-ասել է նա:

Սողոմոնյանի խոսքով՝ իրենց պահանջը իշխանություններից հստակ է ՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը և աշխատանքներ տանել նրա միջազգային ճանաչման ուղղությամբ:

«Այսօր մենք մի հանգրվանում ենք, որ տարբեր տրամաչափի նախաձեռնություններ կան՝ Արցախն օրհասական վիճակից հանելու պահանջով: Պետք է շարունակել, քանի որ արցախցիներն իրենց հայացքը հառել են այստեղ, և այդ հարցում անհրաժեշտ է հասարակության և նրա մտավոր վերնախավի աջակցությունը»,- ընդգծել է Սողոմոնյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել։ Ապրիլի 6-ին վարչապետն առանձնազրույց կունենա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Բրյուսելում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։