8 ապրիլի 2022 - 18:27 AMT
Լավրով. ԼՂ–ում խաղաղապահներն իրենց մանդատին համապատասխան են գործում

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ բանակցությունների մեկնարկին, հայտարարել է, որ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում շարունակում են գործել իրենց մանդատին համապատասխան։

Նա ասել է նաև, որ Մոսկվան կշարունակի ապահովել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կատարումը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ղարաբաղյան կարգավորման մասով պայմանավորվածությունների 3 խումբ կա, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, 2021-ի հունվարին և նոյեմբերին։ Եվ մենք կշարունակենք ապահովել այդ պայմանավորվածությունների կատարումը, ներառյալ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը՝ իր մանդատին խիստ համապատասխան»,–ասել է Լավրովը։

Լավրովը նաև անպատասխանատու է անվանել ԵԱՀԿ Մինսկի խմբից ՌԴ-ին հեռացնելու փորձերը։ Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պատրաստ են զոհաբերել կարգավորման շահերը տարածաշրջանում։

Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնությունում է աշխատանքային այցով։ Մոսկվայում նա կհանդիպի նաև ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ:

Ապրիլի երկրորդ տասնօրյակում նախատեսվում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցը Մոսկվա, որին նախորդող Միրզոյանի այցը նախապատրաստական է։

Photo. TASS