13 ապրիլի 2022 - 12:42 AMT
ՀՀ-ում առաջին «Զատկական փառատոնը» կանցկացվի

Ապրիլի 17-ին` ժամը 14։00-20։00-ին, Երևանի Աբովյան 15/1 հասցեում գտնվող Սբ Աննա և Սբ Կաթողիկե եկեղեցիների բացօթյա տարածքում Հայաստանում առաջին անգամ տեղի կունենա «Զատկական փառատոն»։

Հայաստանցիները և զբոսաշրջիկները հնարավորություն կունենան մասնակցելու համաժողովրդական տոնին՝ միասին տոնելով Սուրբ Զատիկը, որն իր մեջ կրում է Հարության և նոր կյանքի փրկության խորհրդանիշ։

Միջոցառումը կիրականացնի «Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոն» ՊՈԱԿ-ը` ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

«Ընտրել ենք փառատոնի խորհրդանիշ գույն՝ կարմիրը, ցանկալի է, որ այդ օրը կրեք կարմիր հագուստ կամ որևէ կարմիր գույնի դետալ»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Կազմակերպիչների փոխանցմամբ, փառատոնում կներկայացվեն ԵՀՍԿ ՊՈԱԿ-ի սաների և այլ մասնագիտացված կազմակերպությունների սաների ձեռքի աշխատանքները, երեխաները համերգային ծրագրում հանդես կգան երաժշտական համարներով։ Ծրագրում կընդգրկվեն նաև սիրված երաժիշտներ:

Հնարավորություն կլինի միանալու վարպետության դասերին և պատրաստելու օրվա խորհրդանիշ ձեռքի աշխատանքներ, ծանոթանալու երեխաների ստեղծագործական կենտրոնների աշխատանքներին, մասնակցելու համաժողովրդական տոնախմբությանը։

«Զատկական փառատոնի» նպատակն է ստեղծել մշակութային հարթակ երեխաների, պատանիների ինքնադրևորման և խոցելի խմբերի երեխաներին ինտեգրելու մշակութային կյանք:

Փառատոնին աջակցում են նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը, Ֆորմիակ Արտ ընկերությունը և ՀԵՀԵՄ գրասենյակը։